ՔՊ-ական Վարդանյան Ծովիկը պնդել է, թե դավադրություններն իրենց քաղաքական ուժից շատ հեռու են, քանի որ ինչ արել են, արել են թափանցիկ՝ սկսած 2018-ից, իսկ այն, որ ՔՊ-ն այս տարիների ընթացաքում չի հասցրել որևէ շոշափելի բարեփոխում մտցնել երկրում, Ծովիկը պայմանավորել է COVID-ով, 2020-ի պատերազմով ու դրանց հաջորդած իրադարձություններով:
 
Ծովիկը «ափաշքյարա» դրսևորել է քաղաքական պատասխանատվությունից խուսափելու և ձախողումները արդարացնելու կեցվածք՝ մոռանալով, որ Նիկոլը ոչինչ թափանցիկ չի արել. բանակցելիս հայտարարում էր՝ ինչ ուզում, այն էլ բանակցում է, պատերազմելիս ազգի մեջքի հետևում պայմանավորվեց ու չգրավված հողերը թուրքին տվեց՝ այդպես էլ մի կարգին զորահավաք չանցկացնելով: Դրանից հետո մասնակցելով Արցախի էթնիկ զտմանը՝ գնաց ու Արցախը որպես Ադրբեջան հռչակեց՝ ոչ մեկին չհարցնելով: Այնուհետև էլ Հայաստանն իբր տարավ Արևմուտքի նախանշած ուղիով, ինչի արդյունքում Զելենսկին հայտնվեց Երևանում, որի պատճառով ՌԴ-ի հետ հարաբերությունները դարձան անտանելի՝ տնտեսության համար դրանից բխող հայտնի հետևանքներով: Ի՞նչ թափանցիկության մասին է խոսում Ծովիկը՝ հատկապես նկատի ունենալով վերջին ընտրությունների որակն ու բովանդակությունը:
 
Ինչ վերաբերում է 8 տարվա ընթացքում արած-չարածի մասին հայտարարությանը, ապա փոխանակ ստանձնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների ձախողման և անվտանգային համակարգի փլուզման ուղիղ պատասխանատվությունը, Ծովիկը ներկայացնում է մի կեղծ նարատիվ, որտեղ իշխանությունը հանդես է գալիս որպես անհաղթահարելի ուժերի ու հանգամանքների դեմ պայքարող անմեղ կողմ, ինչը քաղաքական անբարոյականության ակնբախ դրսևորոււմ է՝ «Не виноватая я, он сам пришел»  տրամաբանությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել